Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մնաց մնացածը կամ՝ էքզիստենցիալ «ոչ»-ի սահմանները

Մնաց մնացածը կամ՝ էքզիստենցիալ «ոչ»-ի սահմանները
04.06.2019 | 01:33

Մայիսի 30-ին կառավարության վերջին նիստն էր 17 նախարարներով: Իրադարձություն, որ համարյա աննկատ մնաց: Հետայսու կառավարությունը կունենա 12 նախարար: Հունիսի 1-ին նշանակվեցին կառավարության 5 նախարարները՝ առաջին գերազանցիկները: Նրանց պաշտոնավարումը կասկածից դուրս է՝ նրանք վայելում են վարչապետի վստահության բարձր աստիճանը:


Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեց կառավարության կառուցվածքային փոփոխություններով ձևավորված նոր նախարարությունների նախարարներին: Էրիկ Գրիգորյանն ազատվեց բնապահպանության նախարարի պաշտոնից ու նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, Տիգրան Խաչատրյանն ազատվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից ու նշանակվեց էկոնոմիկայի նախարար, Արայիկ Հարությունյանն ազատվեց կրթության և գիտության նախարարի պաշտոնից և նշանակվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Սուրեն Պապիկյանն ազատվեց տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից ու նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Հակոբ Արշակյանն ազատվեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից և նշանակվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Հիշեք ոսկե հնգյակը՝ Էրիկ Գրիգորյան, Տիգրան Խաչատրյան, Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան, Հակոբ Արշակյան:


Մնացած 7-ից կարող էր նշանակվել և ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, եթե չլիներ նրան փոխվարչապետ նշանակելու հավանականությունը: Մհեր Գրիգորյանի փոխարեն: Տիգրան Ավինյանը պորտֆելը կպահի: Պիտի նշանակվեր նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շրջադարձին ձիերին չեն փոխում, բայց ոսկե հնգյակում նա չկար՝ իբրև չքայլած նախարար: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերանշանակումը հարցականի տակ է՝ հակածխախոտային բուռն արշավը ստվերում է առողջապահության բուն խնդիրները և վտանգում բյուջեի մուտքերը: Ամենից շատ հարվածի տակ հայտնվեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Բացի այն, որ ՔՊ-ից չէ ու չքայլած «Հանրապետություն» կուսակցության անդամ էր մինչև վերջերս, Արտակ Զեյնալյանի գլխին է ջարդվում դատական համակարգի կուժն ու կուլան: Դատարանները շրջափակելու վարչապետի կոչից հետո նա ուներ հրաժարականի հնարավորություն՝ իբրև իրավապաշտպան, որ չէր կարող համաձայնել դատական համակարգի վրա ճնշումներով հարցեր լուծելու վարչապետի նախաձեռնությանը, որ քննադատեց «Հանրապետությունը»: Բայց նա ընտրեց այլ ճանապարհ: Արտակ Զեյնալյանը քավության նոխազ է հայտարարվել. նրան են ներկայացվում մեկ տարում համակարգում անհրաժեշտ փոփոխությունները չնախաձեռնելու մեղադրանքները: Բայց ոչ ոք այդ խնդիրը հեղափոխությունից հետո առաջնային չի համարել, և կառավարությունը կոնկրետ խնդիր չի դրել նախարարի առաջ: Դեկտեմբերի 9-ի ընտրություններով հաստատվեց հեղափոխության քաղաքական հաղթանակը, որից հետո երկրորդ խնդիր ազդարարվեց տնտեսական հեղափոխությունը: Եվ միայն Ռոբերտ Քոչարյանի դատավարության զիգզագները հրատապ դարձրին երրորդ իշխանության հարցը: Թեև արդարադատության նախարարն ի պաշտոնե ուղղակի կապ չունի դատարանների հետ, նա հայտարարվեց պատասխանատու: Ով էլ նշանակվի արդարադատության նախարար, լինելու է ամենահարմար թիրախը համակարգում քաոսային վիճակի համար: Անցումային արդարադատության ու վեթինգի մեխանիզմների մշակումը փաստացի դագանակ է, որ հայտնի չէ՝ ում գլխին կարող է իջնել ու ինչ նպատակի ծառայել: Այո, հնչել են հավաստիացումներ, որ վենդետա չի լինելու:

Որ վեթինգը պատիվ, ոչ թե անպատվություն է դատավորների համար: Որ առանց անցումային արդարադատության հնարավոր չէ կոռուպցիայի դեմ լիարժեք պայքար, մենաշնորհների վերացում ու արդարության վերհաստատում: Բայց այս ընթացքում որևէ սահմանում չի տրվել, որտեղ լինեն հստակ չափանիշներ, այսինքն՝ ամեն ինչ հանգում է քաղաքական կամքին, որ իրագործվում է «ժողովրդի պահանջ» ձևակերպումով: Չի բացառվում, որ անցումային արդարադատության և վեթինգի մեխանիզմները ձևականորեն լինեն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ու արդարադատության նախարարության օրակարգում, իրականում նախագծերի հեղինակները լինեն արտասահմանցի փորձագետներ: Իսկ նրանք տալու են մեխանիկական լուծումներ՝ հիմքում ունենալով անցումային արդարադատության ու վեթինգի միջազգային փորձը, որի ոչ մի տարբերակին Հայաստանի իրավիճակը չի համապատասխանում: ՔՊ մեծամասնությունը ԱԺ-ում անցկացնելու է նախագծերը՝ ապավինելով միջազգային կառույցների աջակցությանը, և ստեղծվելու է արդարադատության վակուում: Չկա՞ն Հայաստանում մասնագետներ, որ հաշվի առնելով մեր խնդիրները, մշակեն նախագծերը: Կան: Բայց նրանց նկատմամբ ստեղծված է անվստահության ու մերժումի, էքզիստենցիալ «ոչ»-ի մթնոլորտ:


Նույն այդ մթնոլորտում անցավ Սահմանադրական դատարանի թափուր պաշտոնի թեկնածուի առաջադրումն ու Ազգային ժողովում անվերջ մերժումը: Ոմանք համարում են, որ պատճառը նախագահ-վարչապետ հակասություններն են: Բայց այդ հակասություններն էլ նույն էքզիստենցիալ «ոչ»-ի տարածքում են, երբ մերժվում է ոչ թե նախագահի գործունեությունը, այլ՝ անձը: Ղեկավարվելով Սահմանադրությամբ ու օրենքներով՝ նախագահն առաջադրում էր ՍԴ դատավորի թեկնածուներ, որ ԱԺ-ն մերժի: 2018-ի մայիսից մերժված Էմիլ Բաբայանից, Ելիզավետա Դանիելյանից, Վահե Գրիգորյանից, Գոռ Հովհաննիսյանից, Արթուր Վաղարշյանից հետո 2019-ի մայիսի վերջին օրը նա նորից ներկայացրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը՝ պարզ էր, որ ԱԺ-ն մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը մերժելու է բոլորին: Բացի Վահե Գրիգորյանից, որին 6-րդ գումարման ԱԺ-ն մերժել էր: Նախագահ Արմեն Սարգսյանը առաջադրեց Վահե Գրիգորյանին՝ պարզաբանումով, որ հետգրություն ուներ. «Հաշվի առնելով անցած մեկ տարվա փորձը, ՀՀ նախագահն անհրաժեշտ է համարում, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը՝ նկատի ունենալով Սահմանադրության 138-րդ հոդվածում (Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը) առկա կարգավորումների տրամաբանությունը»: Իմաստ ունե՞ր այսքան բացահայտ դարձնել, որ միայն ու միայն Վահե Գրիգորյանն է Նիկոլ Փաշինյանի թեկնածուն, մինչդեռ հենց ինքն էր հայտարարում, որ դատական իշխանությունը պետք է անկախ լինի, ու Հայաստանին պետք չեն խամաճիկային դատարաններ: Իսկ դատավորնե՞ր: ՈՒ հիմա ի՞նչ տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև: Նրանք իրենց մարդկանց էին նշանակում, Նիկոլ Փաշինյանը՝ իր: Այս ընթացքում նաև խորհրդարանի մեծամասնությունն ապացուցեց իր խամաճիկային՝ մեկ մարդու կամքից կախված, լինելը: Ոչ մի կասկած, որ ՔՊ-ն քվեարկելու է հօգուտ Վահե Գրիգորյանի: Տեղին կլիներ, որ Վահե Գրիգորյանը հրաժարվեր՝ նպաստելու ՍԴ-ի՝ իշխանությունից անկախ լինելու վստահությանը, բայց նա գնաց այն ճանապարհով, ինչ Արտակ Զեյնալյանը: Վահե Գրիգորյանը Ֆեյսբուքում երկար-բարակ արձանագրեց հարցի պատմությունը և հայտարարեց. «Հաշվի առնելով ԱԺ-ում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական և խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։ Եվ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի և նկրտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն»։ ՈՒ՝ հավելեց. «Արդարադատության համակարգի, սկսած դրա դատական համակարգի բաղադրիչից, վերափոխումների ընթացքն այլևս անդառնալի է և հասնելու է Հայաստանին արժանի կայուն և հանրության շրջանում խոր վստահություն և հարգանք վայելող համակարգի կարգավիճակի: Ես շնորհակալ եմ այն լայն աջակցության համար, որի պակասը երբեք չեմ զգացել, և իմ անձի վերաբերյալ և շուրջ այն մտքի արթնության համար, որ մարդիկ մշտապես ունեցել են պրոպագանդան և զրպարտախոսությունը իրականությունից զատելու հարցում»։ Պրոպագանդան, իմա՝ քարոզչությունը, և զրպարտախոսությունը զատելու չափ մտքի արթնություն ունեցողները ու չունեցողները չպիտի զարմանան, եթե հետո Հրայր Թովմասյանը հրաժարական տա և ՍԴ նախագահ դառնա Վահե Գրիգորյանը: Առժամանակ: Իսկ հետո գուցե ցրվեն ԲԴԽ-ն ու ՍԴ-Ն և նորից նշանակվեն ու ընտրվեն ԲԴԽ-ի ու ՍԴ-ի նոր անդամները: Արդեն հեղափոխության տրամաբանությամբ: Այդպիսին կլինի «ժողովրդի կամքը» նույնիսկ անկախ ժողովրդի ցանկությունից:


Ժողովրդի ցանկության մասին: Առաջինը՝ խաղաղություն ու անվտանգություն, երկրորդը՝ աշխատանք ու նորմալ կյանք: Երրորդը՝ կայունություն ու վստահություն:
Մինչդեռ խաղաղությունն ու անվտանգությունը ավելի կասկածելի են դառնում: Փաստացի՝ «վերելակային դիվանագիտությունը» Ադրբեջանի նախագահի հետ առաջին հարկում լռվեց, ու սահմանային միջադեպերը, դիպուկահար կրակոցով հայ զինվորների սպանությունները Ալիևը վերսկսեց հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցին զուգահեռ: Վերջապես ՀՀ ԱԳՆ-ն համարժեք հայտարարություն արեց՝ արձանագրելով, որ «վերջին զարգացումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Արցախի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը և դրան նպաստող միջավայրի ձևավորմանը, և հանդիսանում են լուրջ հետքայլ վերջին ամիսներին ձեռնարկված բոլոր ջանքերից: Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ հանձնառությունները, որոնք ստանձնել է 2018 թ. Միլանում, 2019 թ. Վիեննայում և 2019 թ. Մոսկվայում ընդունած վերջին համատեղ հայտարարություններով»: Այսինքն՝ վերադառնում ենք ելակետ: Բաքուն ոչ առաջ, ոչ հիմա, ոչ հետո մտադիր չէ կատարել հանձնառություններն ու պայմանավորվածությունները, ուրեմն և բացառվում են Ադրբեջանի հետ սուբստանցիոնալ բանակցությունները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին ԱԳ նախարարների հանդիպման մասին, բայց ոչ՝ Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի: Փաստացի՝ հանդիպումները չունեն փոխադարձ ընդունելի օրակարգ: ՈՒրեմն՝ խաղաղությունը և պատերազմը հավասար հավանականություններ են: Մինչդեռ Հայաստանն ու Արցախը այս ընթացքում փոխհարաբերություններ են պարզում: Հրապարակավ: 2020-ին Արցախում ԱԺ-ի ու նախագահի ընտրություններից առաջ ու այդ ընտրություններով պայմանավորված:
Աշխատանքի և նորմալ կյանքի մասին առայժմ միայն կառավարության նիստերում է խոսվում: Աճի ցուցանիշների մեջբերումով: Բայց ռեալ կյանքում ամեն օր ինչ-որ տեղ ճանապարհ է փակվում, ու ցուցարարները չստացած աշխատավարձ են պահանջում, դեմ են կառավարության ինչ-որ որոշումի, որից աշխատատեղեր են կորցնում, կարկտահարությունից ու ջրի պակասից բերքն են կորցնում… Այս պայմաններում կայունությունը ձևական է, վստահությունը՝ վիրտուալ, տնտեսական հեղափոխությունը՝ անբովանդակ: Եվ արդեն ոչ միայն Աժ ամբիոնին դրվող մի բաժակ մածունը չի օգնի դասական ու ոչդասական հայերին, այլև լիտրերով ժողովրդին ձրի բաժանվող: Էքզիստենցիալ «ոչ»-ից դուրս գալու ժամանակը սպառվում է: Կոնկրետ հարցերին կոնկրետ լուծումներ են պետք: Եվ՝ ընդհանրական ծրագիր, որ չկա: Կոնկրետ գործունեության ծրագիրը Նիկոլ Փաշինյանը հընթացս հնարում է օրվա իրադարձություններից ելնելով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Էքզիստենցիալ «ոչ»-ի պայմաններում անկարևոր է դառնում՝ ովքեր կհամալրեն կառավարությունը: Հին, թե նոր դեմքեր՝ բոլորն էլ հայտնվելու են վարչապետի գծած շրջանի մեջ, որտեղ հեղափոխական առաջնահերթությունը որոշում է անելիքների հերթականությունը, իսկ բովանդակության մասին մտածելու ժամանակ չի տրվում:

Դիտվել է՝ 2330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ